Դատախազությունը Հարավային Կորեայի նախկին նախագահի նոր հարցաքննություն Է անցկացրել

Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի նոր հարցաքննություն են անցկացրել, որն առաջինն է դարձել անցած շաբաթ նրա ձերբակալումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտնել է հսկիչ գերատեսչությունը: «Քննիչներն այցելել են Սեուլի հարավում գտնվող ժամանակավոր մեկուսարան, որտեղ գտնվում է Պակ Կըն Հեն»,- ասված է հակիրճ մամուլի տեղեկագրում:

Ռյոնհապ գործակալության տվյալներով՝ սպասվում է, որ 13 հոդվածներով պաշտոնական մեղադրանքները Պակ Կըն Հեին կառաջադրվեն ապրիլի կեսին:

Պակ Կըն Հեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ Սեուլի դատարանը մարտի 30-ին թույլատրեց նրան կալանավորել կաշառակերության, իշխանության չարաշահման եւ կողմնակի անձի՝ Չխվե Սուն Սիլին, գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքներով: «Դատարանն ընդունեց նրան ձերբակալելու անհրաժեշտությունը, քանի որ բավարար հիմքեր կան մեղադրանքներ ներկայացնելու համար, ինչպես նաեւ երկյուղներ, որ հանցանշանները կարող են ոչնչացվել»,– հայտարարել է դատավորը:

Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:

Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում