Հյուսիս-հարավ ճանապարհը կշրջանցի պատմամշակութային արգելոցը

Հյուսիս-հարավ ճանապարհը կշրջանցի Ագարակի պատմամշակութային արգելոցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գիտությունների ազգայի ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ Ագարակում փրկարարական պեղումների արդյունքում լուրջ կառույցներ են բացվել: «Մենք հասկացանք, որ հուշարձանը վտանգված է եւ բանակցությունների արդյունքում փոխեցինք ճանապարհի այդ հատվածի ծրագիրը: Ճանապարհաշինարարներն էլ սիրով համաձայնեցին»,-ասաց նա՝ հավելելով, որ ճանապարհի այդ հատվածը կփոխվի պեղումների համար նախատեսված տնտեսված գումարների հաշվին: Արդեն ընթացքի մեջ են համապատասխան գծագրերը:

«Մենք հետեւում ենք, որ ճանապարհաշինության հետեւանքով լուրջ արժեք ունեցող որեւէ հուշարձան չվնասվի»,-հավելեց Պավել Ավետիսյանը: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով` մինչ այս պահը չեն եղել դեպքեր, երբ ճանապարհի շինարարության պատճառով հուշարձանը տեղափոխվի, բայց առաջիկայում նման դեպքերը չեն բացառվում: «Մենք փրկարարական պեղումները մինչեւ Թալին ենք իրականացրել, բայց Թալինից հետո մինչեւ Գյումրի ընկած հատվածում եւս մեծ հուշարձաններ կան, որոնք պետք է ուսումնասիրության ենթարկվեն»,-հավելեց Ավետիսյանը: Մեր այն հարցին, թե փրկարարական պեղումների պատճառով արդյոք չե՞ն խախտվում ճանապարհի շինարարության ժամկետները, Պավել Ավետիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ նախօրոք հաշվարկված է եղել:

Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի հարեւանությամբ կան շուրջ 28 պատմամշակութային հուշարձաններ: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից փրկարարական պեղումների արդյունքում կբացվեն, կֆիքսվեն հուշարձանները, եւ եթե դրանց պահպանումն այնքան էլ կարեւոր չլինի, ապա թույլ կտրվի ճանապարհի այդ հատվածներում եւս շինարարություն իրականացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում