Պուտինը հանդիպում կունենա ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հետ

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 14-րդ նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ԱՊՀ-ի երկրների հետախուզական հանրակցության գործունեության համակարգման կատարելագործումը աշխատանիքի կարեւորագույն բաղադրիչն է սաստկացող միջազգային ահաբեկչական վտանգի պայմաններում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը: Դրանից հետո ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նախեւառաջ ահաբեկչության դեմ պայքարում:

«Մասնակիցներն ամփոփիչ հուշագրում հաստատել են խորհրդակցության շրջանակներում իրենց բազմակողմ համագործակցությունը շարունակելու մտադրությունը: Որպես հիմնական սպառնալիքներ, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի անդամ բոլոր երկրների կենսական շահերին, նշվել են միջազգային ահաբեկչությունը, կրոնական եւ քաղաքական ծայրահեղականությունը»,-հայտնել է Իվանովը:

«Նիստն սկսվել է լռության րոպեով ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում ապրիլի 3-ի պայթյունից զոհվածների հիշատակի»,-հավելել է ՌԴ ԱՀԾ-ի մամուլի բյուրոյի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում