ՌԴ Քննչական կոմիտեն հաստատեց, որ 22-ամյա ղրղզստանցին մեղսակից է Պետերբուրգի ահաբեկչությանը

ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարել է Ղրղզստանից սերված 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է գերատեսչության՝ ապրիլի 4-ին տարածված հաղորդագրության մեջ:

Փորձագետ-քրեագետները նրա գենետիկական հետքերը հայտնաբերել են ռումբով պայուսակի վրա, որը թողնվել էր մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը ժամանակին հայտնաբերվել էր մետրոպոլիտենի աշխատակցի կողմից եւ վնասազերծվել ուժայինների կողմից:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ջալիլովը պայթեցումն իրականացրել է «Սեննայա պլոշչադ» կայարանից «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարան մեկնող գնացքի վագոնում: Հենց նա էլ երկրորդ ինքնաշեն պայթուցիկ սարքն է պայուսակով թողել «Պլոշչադ վոսստանիա» կայարանում:

Այս եզրակացությունները քննիչներն արել են տեսադիտարկման խցիկների գրանցումները դիտելուց հետո:

Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով:

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին:
«Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կարգադրությամբ ապրիլի 4-ից քաղաքում հայտարարվում է եռօրյա սուգ: Գեորգի Պոլտավչենկոն դիմել է Նեւայի ափի քաղաքի բնակիչներին՝ այդ օրերին զվարճալի միջոցառումներ չանցկացնելու, իսկ հեռուստա- եւ ռադիոընկերություններին՝ ժամանցային ծրագրերի ցուցադրումից ձեռնպահ մնալու խնդրանքով»,– հայտնել են Պետերբուրգի վարչակազմի մամուլի ծառայությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում