2016թ-ի ընթացքում Մոսկվայի շրջան է տեղափոխվել շուրջ 200 հազար միգրանտ

Մերձմոսկովյան տարածաշրջանի դպրոցներում սովորող աշակերտների շուրջ մեկ երրորդը միգրանտների երեխաներ են, ում համար ռուսաց լեզուն մայրենի չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Մոսկվայի շրջանային կառավարության նախագահի տեղակալ Էլմիրա Խայմուրզինան:

«Մոսկվայի շրջանը ներքին միգրացիոն հոսքի առումով Ռուսաստանում առաջին տեղում է: Միասնական միգրացիոն կենտրոն միայն 2016թ-ին ստացվել է 180 հազարից ավելի դիմում: Լիարժեք վիճակագրությունը 2016թ-ի համար դեռևս հասանելի չէ, սակայն Մերձմոսկվայում ապրելու և աշխատելու նպատակով տեղափոխվել է շուրջ 200 հազար մարդ»,– ասել է Խայմուրզինան:

Նրա խոսքով` Մերձմոսկվայում կան առանձին տարածաշրջաններ, որտեղ դպրոցներում այն երեխաների թիվը, ում համար ռուսաց լեզուն մայրենի չէ, հասնում է 15-32-ի տոկոսի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում