«Հայկական Ժամանակ». Սամվել Նիկոյան. Գրեթե բոլոր կուսակցությունների թեկնածուներն էլ ընտրակաշառք են բաժանել

«Հայկական Ժամանակ»-ին տեղեկություններ են, հասել, որ Գյումրիում թեև ընտրակաշառքի համար սահմանված արժեքը եղել է 10 հազար դրամը, սակայն եղել են թեկնածուներ, որ խոստացել են 15, բայց 5 հազարը ընտրությունից հետո վճարելու նախապայմանով:

Թերթի աղբյուրն այսպես է մեկնաբանել այս տեղեկությունը. «Նրանք, ովքեր նորմալ նկարած ներկայացրել են նկարները, որտեղ հստակ երևացել է այն, ինչ պետք է երևար, իրենց գումարները տրվել են: Չի տրվել նրանց, ովքեր կասկածելի կամ միևնույն նկարած նկարն են ներկայացրել: Օրինակ եթե նկարը խավար է եղել, նրանց 5000 չի տրվել»:

Մեկնաբանելով ՀՀԿ-ական թեկնածուների բաժանած ընտրակաշառքի մասն խոսակցությունները, ՀՀԿ-ի Շիրակի շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանը թերթի թղթակցին ասել է .«Դուք լսել եք միայն ՀՀԿ-ակա՞ն թեկնածուների մասին, մամուլում գրվեց, որ գրեթե բոլոր կուսակցությունների թեկնածուներն ընտրակաշառք են բաժանում: Ես կարծում եմ, որ եթե բոլոր կողմերից նման հրապարակումներ եղան, դա կարող է ինչ-որ ճշմարտություն պարունակի իր մեջ»:

Հարցին՝ լսել եք, որ ՀՀԿ-ի թեկնածուները ընտրություններից հետո հրաժարվում են տալ խոստացված ընտրակաշառքը, Նիկոյանը պատասխանել է. «Ես լսել եմ բոլորի վերաբերյալ, եթե Դուք սևեռված եք միայն մի ուղղությամբ, սխալ տեղ եք զանգել: Գիտեք, որ ավելի շատ բաժանողներ են եղել, չգիտե՞ք դրա մասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում