ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ է ներկայացվել Իդլիբում քիմիական զենքի կիրառման առնչությամբ

ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձեւի նախագիծ են ներկայացրել Սիրիայի Իդլիբ քաղաքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՄԱԿ-ին կից ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունում: 

«Սիրիայի Խան Շեյխունի շրջանում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ բանաձեւը ապրիլի 4-ին ներկայացվել Է Անվտանգության խորհրդի անդամներին»,– ասել Է գործակալության զրուցակիցը:

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի օդուժն Իդլիբի նահանգի Խան Շեյխուն բնակավայրի ծայրամասի շրջանում հարված է հասցրել ահաբեկիչների զինամթերքի պահեստին, որտեղ եղել են քիմիական զենքով զինանոցներ, որը տարվում էր Իրաք:

Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ապրիլի 4-ին հայտարարել է Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ գրոհի 80 զոհերի եւ 200 վիրավորների մասին: Գրոհի պատասխանատվությունն ընդդիմադիրները բարդել են Սիրիայի կառավարական զորքերի վրա:

Միջադեպի հետաքննությամբ արդեն սկսել են զբաղվել ՄԱԿ-ը եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, սակայն առայժմ որեւէ եզրակացություն չեն հրապարակել տեղի ունեցածի հնարավոր մեղավորների մասին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում նա Ռուսաստանին եւ Իրանին հորդորել է ազդել Սիրիայի կառավարության վրա՝ Իդլիբի նահանգում իրականացված գրոհների կրկնություն թույլ չտալու համար:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես Սիրիայում քիմիական գրոհի պատասխանատվությունը բարդել է Բաշար Ասադի վարչակարգի վրա՝ այն համարելով Օբամայի վարչակազմի սխալ գործողությունների հետեւանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում