Վրաստանում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը պաշտպանում է հարցվածների 53 տոկոսը. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հրապարակված հարցման տվյալների համաձայն՝ Վրաստանում հարցվածների 76 տոկոսն այն կարծիքին է, որ երկիրը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, վրաց-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում 11 տոկոսը, իսկ 12 տոկոսը՝ ոչ լավ, ոչ վատ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Հարցման մասնակիցների 53 տոկոսը լիովին պաշտպանում է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը, իսկ 10 տոկոսը դեմ է դրան:

Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանի հետ Վրաստանի կառավարության հարաբերությունները շատ դրական Է գնահատում հարցվածների 15 տոկոսը, շատ վատ՝ 11 տոկոսը:

Միաջազգային հանրապետական ինստիտուտն ապրիլի 4-ին հրապարակել է սոցիալական հարցման արդյունքները, որն անցկացվել է ամբողջ երկրում (բացառությամբ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի): Հարցերը, մասնավորապես, վերաբերել են Եվրամիությանը երկրի անդամակցությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ բնակչության քաղաքական նախապատվություններին:

IRI-ն հարցումն անցկացրել է 2017 թվականի փետրվարի 22-ից մինչեւ մարտի 8-ը: Դրան մասնակցել են Վրաստանի ընտրական իրավունք ունեցող 1501 մշտական բնակիչներ: Հարցման անճշտությունը կազմել է 2,5 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում