Մետրոյում ահաբեկչության ենթադրյալ կատարողի ծնողները Ղրղզստանից ժամանել են Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովի ծնողները Ղրղզստանից ժամանել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք, ինչի մասին հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Ինքնաթիռը, որով ժամանել են Ջալիլովի հայրն ու մայրը, Սանկտ Պետերբուրգում վայրէջք է կատարել ապրիլի 5-ին:

«Ես դրան չեմ հավատում», սրանք են այն միակ խոսքերը, որոնք լրագրողներին ասել է ենթադրյալ ահաբեկչի մայրը:

Ջալիլովի ծնողները կմասնակցեն ահաբեկչության մեջ կասկածվողի նույնականացման ընթացակարգին, ինչպես նաեւ կհարցաքննվեն քրեական գործը վարող քննիչների կողմից:

Նախօրյակին ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարել է Ղրղզստանից սերված 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը: Փորձագետ-քրեագետները նրա գենետիկական հետքերը հայտնաբերել են պայթուցիկ սարքով պայուսակի վրա, որը թողնվել էր մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը ժամանակին հայտնաբերվել էր մետրոպոլիտենի աշխատակցի կողմից եւ վնասազերծվել ուժայինների կողմից:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ջալիլովը պայթեցումն իրականացրել է «Սեննայա պլոշչադ» կայարանից «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարան մեկնող գնացքի վագոնում: Հենց նա էլ երկրորդ ինքնաշեն պայթուցիկ սարքն է պայուսակով թողել «Պլոշչադ վոսստանիա» կայարանում:

Այս եզրակացությունները քննիչներն արել են տեսադիտարկման խցիկների գրանցումները դիտելուց հետո:

Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 14, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում