Քառօրյա դասընթացը կնպաստի թանգարանի աշխատողների հմտությունների զարգացմանը

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն ՀՀ մշակույթի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ու Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ ապրիլի 5-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվում է «Թանգարանային ցուցադրություն. Նախագծում և դիզայն» խորագրով դասընթաց` թանգարանային ցուցադրությունների կազմակերպման ոլորտում ընդգրկված հայ մասն ագետների համար: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը զրուցեցին ծրագրի նախաձեռնողներն ու մասնակիցները:

«Մեր օրերում տևական փոփոխվող աշխարհում մենք փորձի փոխանակման, նոր հարթակների ստեղծման, նոր տեխնոլոգիաների յուրացման կարիք ունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով` պետք է նոր ցանցեր ստեղծել, հասանելի լինել հանրության

լայն շրջանակի համար:

ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրեյսերն ընդգծեց, որ այս նախագիծը Հայաստանում հարուստ մշակութային ժառանգության մասին ունեցած գիտելիքները կիսելու հնարավորություն կտա: «Այն գյուղական համայնքներում տուրիզմի զարգացման հնարավորություններ կստեղծի: Թանգարանները յուրահատուկ դեր են խաղում զբոսաշրջության զարգացման գործում. դրանք ոչ միայն աշխատում են մշակութային ժառանգության հետ, այլև առաջարկում են իրենց դիտարկել որպես դրա մի մաս»,– շեշտեց նա:

Դասընթացը նպատակ ունի զարգացնել Հայաստանի թանգարանային ոլորտի աշխատակիցների հմտությունները ցուցադրությունների կազմակերպման իրականացման գործընթացում: Դասախոսությունների ու խմբակային աշխատանքների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն նաև ցուցադրությունների գնահատման փորձառություն:

Դասընթացը վարելու են Ամերիկյան կուրատորների ասոցիացիայի նախագահ Հելեն Էվանսը, Ամանդա Մայնեն՝ Բրիտանական թանգարանից, Էրիկ Քրիստիանսենը՝ Սմիթսոնյան թանգարաններից, ԱՄՆ և ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեից ընդգրկված փորձագետների խումբը:

Դասընթացի մասնակիցներն ընտրվել են բաց հայտարարության արդյունքում` հաշվի առնելով նրանց մասնագիտացումը թանգարանային ցուցադրության ոլորտում:

Նրանց թվում են Հայաստանի և Ջավախքի քսանհինգ թանգարանների աշխատակիցներ, թանգարանների հետ աշխատող անկախ կուրատորներ, ինչպես նաև «Իմ Հայաստան» ծրագրի գործունեության շրջանակում ընդգրկված հինգ մարզային թանգարաների աշխատակիցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում