ԻՊ-ից ազատագրված Սիրիայի եւ Իրաքի տարածքների ականազերծումը կտեւի մինչեւ 50 տարի

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրվելուց հետո Սիրիայի եւ Իրաքի տարածքների ականազերծումը եւ մաքրումը կարող է տեւել 40-ից մինչեւ 50 տարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 5-ին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի՝ ականազերծման հարցերով գործակալության տնօրեն Ագնես Մարկայյուին: 

«Մենք տասնամյակների աշխատանքի ենք բախվելու այս երկրներում, որպեսզի նրանք ունենան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի քաղաքների տեսքը, որտեղ մենք ժամանակ առ ժամանակ մինչ օրս չպայթած զինամթերք ենք գտնում»,– հայտարարել է նա մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով՝ միայն Իրաքում ականազերծման գործողությունների անցկացման համար կարող է պահանջվել տարեկան 170-ից մինչեւ 180 մլն դոլար այն դեպքում, երբ միայն Մոսուլը չպայթած ականներից մաքրելու համար ամեն տարի կծախսվի մինչեւ 50 մլն դոլար, հաղորդել է «Ինտերֆեքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում