Հռոմի պապն անհանդուրժելի սպանդ է որակել քիմիական գրոհը Սիրիայում

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ապրիլի 5-ին հայտարարել է, որ խիստ ցնցված է Սիրիայում քիմիական գրոհի մասին լուրերից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք ապշած ենք Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից: Ես ցնցված եմ այն անհանդուրժելի սպանդից, որը երեկ տեղի է ունեցել Իդլիբի նահանգում, որտեղ սպանվել են տասնյակ անպաշտպան մարդիկ, որոնց թվում եղել են երեխաներ»,– ասել է քահանայապետը շաբաթական ունկնդրության ընթացքում:

Մինչդեռ Associated Press գործակալությունը, վկայակոչելով իրավապաշտպանների, հայտնել է, որ Իդլիբում ենթադրյալ քիմիական գրոհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 72-ի, նրանց թվում 20-ը՝ երեխաներ:

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել են հաղորդումներ Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա թունավոր նյութերով հարձակման մասին: Ընդդիմադիրներն այդ գրոհի պատասխանատվությունը բարդել են Դամասկոսի վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում