Վրաստանի բնակիչների 73 տոկոսը գլխավոր սպառնալիք է համարում Ռուսաստանը. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հրապարակված հարցման տվյալների համաձայն, դրա մասնակիցների 73 տոկոսը Վրաստանի գլխավոր քաղաքական սպառնալիքը համարում է Ռուսաստանը: Նույն այս երկրին գլխավոր տնտեսական սպառնալիք է համարում հարցվածների 57 տոկոսը: Տնտեսական սպառնալիքների կապակցությամբ պատասխան չի տվել կամ «չգիտեմ» է պատասխանել 27 տոկոսը, իսկ քաղաքական սպառնալիքների մասին նույն պատասխանն է տվել 17 տոկոսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: 

Բնակչության միայն 16 տոկոսն է Ռուսաստանը համարում կարեւոր քաղաքական գործընկեր: Ինչ վերաբերում է հարցվածների ամենամեծ բաժնին, ապա 42 տոկոսն այն համոզմունքն ունի, որ Վրաստանի ամենակարեւոր գործընկերը Եվրամիությունն է, 33 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 20 տոկոսը՝ Ադրբեջանը, 28 տոկոսը՝ Ուկրաինան, իսկ 14 տոկոսը՝ Թուրքիան, 12 տոկոսը՝ Հայաստանը, իսկ 2 տոկոսը՝ Իրանը:

Մասնակիցների 7 տոկոսը Վրաստանի գլխավոր քաղաքական սպառնալիքն համարում ԱՄՆ-ն, իսկ Եվրամիությունը՝ միայն 2 տոկոսը:

Միջազգային հանրապետական ինստիտուտն ապրիլի 4-ին հրապարակել է սոցիալական հարցման արդյունքները, որն անցկացվել է ամբողջ երկրում (բացառությամբ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի): Հարցերը, մասնավորապես, վերաբերել են Եվրամիությանը երկրի անդամակցությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ բնակչության քաղաքական նախապատվություններին:

IRI-ն հարցումն անցկացրել է 2017 թվականի փետրվարի 22-ից մինչեւ մարտի 8-ը: Դրան մասնակցել են Վրաստանի ընտրական իրավունք ունեցող 1501 մշտական բնակիչներ: Հարցման անճշտությունը կազմել է 2,5 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում