Եվրախորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի պայմանների վերաբերյալ բանաձեւին

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել այն բանաձեւին, որը պայմաններ է նշում ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) համար: Քվեարկությունն անցկացվել է Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստի շրջանակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթը բովանդակում է մի քանի հանգուցային դրույթներ, որոնք գործնականում որոշում են Brexit-ի շուրջ առաջիկա բանակցությունների տոնայնությունը, որոնք Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պետք է սկսվեն առաջիկա շաբաթներին:

«Բանակցությունները պետք է լինեն թափանցիկ,-ասված է բանաձեւում:-Մեծ Բրիտանիան պարտավոր Է պահպանել ավելի վաղ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ ֆինանսական բնույթի՝ եվրոպական բյուջեի շրջանակներում»:

«ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ապագա հարաբերությունների քննարկումը հնարավոր կլինի միայն (ԵՄ-ից) Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի հասնելուց հետո»,- նշվում է փաստաթղթում:

ԵԽ-ի պատգամավորները նշում են, որ Լոնդոնը չի կարող համաեվրոպական շուկա ազատ մուտք ակնկալել առանց «ապրանքների, կապիտալների, ծառայությունների եւ մարդկանց ազատ տեղաշարժման սկզբունքի» պահպանման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում