«Ժողովուրդ». Արտեմ Ասատրյանը չի լինի նոր կառավարության կազմում

Ամենայն հավանականությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի լինի նոր կառավարության կազմում։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նրա ղեկավարած նախարարության ենթակա գերատեսչություններում այս ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալներն ու ֆինանսական չարաշահումներն են, որոնց առիթով որոշ դեպքերում հարուցվել են քրեական գործեր։ Խոսքը, հիշեցնենք, միլիոնավոր դոլարների մասին է։

Նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Դեռ մեկ ամիս և ավել ժամանակ կա, և ես չեմ կարող մեկնաբանել որևէ տեղեկատվություն, երբ իրականում որոշում չկա»։ Մինչ այդ նշենք՝ քանի որ ՀՀԿ-ն պաշտոնական տվյալներով բացարձակ մեծամասնություն է կազմել ԱԺ ընտրություններում, հենց այս կուսակցությունն էլ կկազմավորի կառավարությունը, և վերստին վարչապետ կնշանակվի Կարեն Կարապետյանը։ Հայտնի է նաև, որ ՀՀԿ-ն կշարունակի կոալիցիոն համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, իսկ թե քանի պորտֆել կտրվի ՀՅԴ-ին, ու, ընդհանրապես, ովքեր կլինեն նոր կառավարության կազմում, դեռ որոշված չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում