Գերմանիայի դատավորների միության նախագահը կոչ է արել Էրդողանին հարգել մարդու իրավունքները

Գերմանիայի դատավորների միության նախագահ Յենս Գնիսան մտահոգություններն է հայտնել Թուրքիայում գրանցվող զարգացումների, մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տարվող քաղաքականության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Թուրքիան ամեն օր ավելի է հեռանում Եվրոպայից: Թուրքիայի նախագահը կամաց-կամաց ոչնչացնում է իրավական պետությունը»,- նշել է նա` հիշեցնելով, որ այդ երկրում ամեն չորս դատավորից կամ դատախազից մեկը Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցը լինելու հիմնավորմամբ բանտարկված է:

Նրա համոզմամբ` բոլորը, ովքեր մեղադրվում են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, իրավունք ունեն արդար դատավարություն ունենալ, սակայն այդ իրավունքը Թուրքիայում չի իրացվում:

Դիմելով Էրդողանին` նա ասել է. «Հարգանք ցուցաբերեք մարդու իրավունքներին, պաշտպանեք անկախ դատավարությունը և երաշխավորեք արդար, իրավական պետությանը հարիր դատավարությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում