ՄԱԿ-ը խնդրել է 72-ժամյա հումանիտար զինադադար հաստատել Սիրիայում

ՄԱԿ-ը դիմել է ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Թուրքիային՝ խնդրելով եռօրյա հումանիտար զինադադար հաստատել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտարարել է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի օգնական Յան Էգելանը՝ ամփոփելով Սիրիա հումանիտար մուտքի նպատակային խմբի՝ Ժնեւում կայացած հերթական նիստի արդյունքները: 

«Մեզ 72-ժամյա լիակատար զինադադար է հարկավոր է, որպեսզի օգնություն հասցնենք Արեւելյան Գուտա: Եվ դա մեզ հարկավոր է անել առաջիկա օրերին»,-ասել է նա:

Էգելանը հավելել է, որ ՄԱԿ-ի նիստում դիմել է Սիրիայի աջակցման միջազգային խմբի երկրներին, մասնավորապես, ԱՄՆ-ին, ինչպես նաեւ Ռուսաստանին ու Թուրքիային՝ որպես Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր-երկրների՝ խնդրելով հնարավորություն ընձեռել հումանիտար օգնություն հասցնելու Սիրիա:

«Մեզ «կանաչ լույս» է անհրաժեշտ ՄԱԿ-ի՝ ապրիլի-մայիսի հումանիտար պլանի համար, որպեսզի օգնության հասնենք 1 մլն մարդու»,-ասել է նա:

Էգելանի խոսքով՝ ներկայում «հատուկ համաձայնագիր է անհրաժեշտ Արեւելյան Գուտայի վերաբերյալ, ոչ ոք Արեւելյան Հալեպի կրկնություն չի ցանկանում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում