ՄԻԵԴ-ը Ադրբեջանի դեմ մեկ օրում 11 վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված 11 վճիռ է կայացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: ՄԻԵԴ ներկայացված հայցերը վերաբերում են անօրինական ձերբակալություններին, հանրահավաքներ անցկացնելու իրավունքի խախտումներին և մարդու իրավունքների խախտման այլ դեպքերի:

Այս հայցերի վերաբերյալ վճիռները պետք է կայացվեին դեռևս 2016թ-ի հուլիսին, սակայն հետաձգվել են ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանին ուղված հարցումների գրավոր պատասխանների ուշացման պատճառով: ՄԻԵԴ-ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները: Այս 11 գործերի դիմումատուներից 9-ի շահերը պաշտպանում էր ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ասաբլի Մուստաֆաևը, ով, նշված գործերի մասին կարծիք հայտնելով, ասել էր. «Մեր երկրում քաղաքական շարժառիթներ պարունակող գործերով զբաղվող և ՄԻԵԴ դիմող իրավաբաններին մշտական վտանգ է սպառնում»: Ադրբեջանից ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում