Դամասկոսը պնդում է, որ սիրիական բանակը երբեք քիմիական զենք չի կիրառել

Սիրիական բանակը հակամարտության ընթացքում երբեք քիմիական զենք չի օգտագործել: Այդ մասին Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը: 

«Ես հաստատում եմ, որ սիրիական բանակը երբեք այդ զենքը չի կիրառել ու չի կիրառի ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլեւ ահաբեկիչների դեմ»,-ասել է նա:

Մուալեմի խոսքով՝ Սիրիան 2013 թվականին միացել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային եւ հստակորեն կատարում է իր պարտավորությունները:

Նա սուտ է համարել սիրիացի զինվորականների կողմից Խան Շեյխուն քաղաքում քիմիական ռազմամթերքի կիրառման վերաբերյալ ընդդիմության կողմից տարածվող լուրերը: ԱԳ նախարարը նաեւ նախազգուշացրել է, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Իսլամական պետության» ահաբեկիչները շարունակում են թունավոր նյութերի պաշարներ պահել քաղաքներում եւ այլ բնակավայրերում:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ բանաձեւի իր նախագիծը: Ինչպես հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին. «Մենք առաջարկել են մեր, գործնական ոգով կազմված հակիրճ նախագիծը, որը նպատակամղված է իրապես հետաքննություն անցացնելուն, այլ ոչ թե մեղավորներին նշելուն նախքան փաստերի ճշտումը»: Նա հավելել է, որ Անվտանգության խորհրդի անդամները կոնսուլտացիաներ են սկսել բանաձեւի «փոխզիջումային նախագագիծ» մշակելու համար:

Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ԱԽ-ի քննարկմանն են ներկայացրել բանաձեւի նախագիծ, որը դատապարտում է քիմիական զենքի կիրառումը Իդլիբում:

Ապրիլի 4-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը» (The Syrian Observatory for Human Rights), հայտնել է, որ Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված հարվածի հետեւանքով զոհվել է 58 մարդ, այդ թվում՝ 11 երեխա: Կենտրոնը նշել է, որ հարվածը կարող էին հասցնել Սիրիայի կառավարական ուժերը, որոնք «թունավոր գազ» են կիրառել:

Ռուս եւ սիրիացի զինվորականները ժխտել են իրենց մասնակցությունը կատարվածին: Ավելի ուշ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ապրիլի 4-ի ցերեկը Խան Շեյխունի արեւելյան ծայրամասերին հարվածը հասցրել է սիրիական օդուժը: Ռուսաստանի տվյալներով՝ դրա հետեւանքով ոչնչացվել են այն արտադրամասերը, որտեղ զինյալներն արտադրում էին թունավոր նյութերով զինամթերք, որը մատակարարվում էր Իրաքին, ինչպես նաեւ կիրառվում էր Հալեպում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում