2017թ-ի առաջին եռամսյակում առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են

Հայաստանի առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում գրանցվել է գների աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է վկայում ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացրած տվյալները: Նրա խոսքով`մսի գինը մարտին փետրվարի համեմատ ավելացել է 0,6 տոկոսով, իսկ 2017 թվականի առաջին երեք ամիսների ընդհանուր գնաճը դեկտեմբերին նկատ մամբ կազմել է 0,7 տոկոս: Ձկնամթերքի գները վերջին 1 ամսվա ընթացքում աճել են 1,7 տոկոսով, իսկ երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 14 տոկոս: Յուղերի և ճարպերի մասով երեք ամիսների ընթացքում գնաճ է արձանագրվել` համապատախանաբար 0,3, 0,5 և 0,5 տոկոս: Վերջին երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 1,3 տոկոս:

«Մրգերի գների ընդհանուր աճը կազմել է 10,6 տոկոս, այդ թվում՝ վերջին մեկ ամսում 2 տոկոս: Բանջարեղենի մասով երեք ամիսների գնաճը կազմել է 30,1 տոկոս: Հունվարին արձանագրվել է բարձր գնաճ` 48,4 տոկոս, իսկ փետրվարին և մարտին գրանցվել է գնանկում ` համապատասխանաբար 5,6 և 7,1 տոկոս: Շաքարավազի շուկայում 2017 թվականի երեք ամիսներին գրանցվել է գնաճ` հունվարին` 0,6, փետրվարին` 0,4, մարտին` 0,1 տոկոս: Ընդհանուր գնաճը երեք ամիսների կտրվածքով կազմել է 1,1 տոկոս: Ծխախոտային արտադրանքի գները նույնպես երեք ամիսներին արձանագրել են գնաճ` հունվարին` 0,1, փետրվարին` 0,1 և մարտին` 0 ,5 տոկոս: Ընդհանուր երեք ամիսների գնաճը կազմել է 0,7 տոկոս»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հունվարին ալյուրի գներն աճել էին 0,3, իսկ փետրվարին` 1,3 տոկոսով, սակայն մարտին նվազել է 0,7 տոկոսով, և արդյունքում երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 0,9 տոկոս:

Անդրադառնալով բենզինի և դիզելային վառելիքի գներին՝ նա նշեց, որ մինչ 2013 թվականն անընդմեջ աճ է արձանագրվել, այնուհետև որոշակի կայունություն է եղել, 2014 թվականի վերջից տեղի է ունեցել գնանկում:

«Բենզինի գները շարունակել են հունվարին նվազել: Դրանք կազմել են 3,3 տոկոս, իսկ փետրվարին և մարտին էական գնաճ է եղել: Մասնավորապես փետրվարին` 9,2 տոկոսով, իսկ մարտին 2,5 տոկոսով: Ընդհանուր երեք ամիսների գնաճը կազմել է 8,2 տոկոս: Նախորդ տարվա մարտի համեմատ` այս տարի բենզինի գինը դեռևս 2,4 տոկոսով ցածր է: Դիզելային վառելիքի գները երեք ամիսներին աճել են, մասնավորապես հունվարին` 0,8 տոկոսով, փետրվարին 10,1 և մարտին` 2 տոկոսով: Ընդհանուր գնաճը կազմել է 13,1 տոկոս: Նախորդ տարվա մարտի համեմատ այս տարի դիզելային վառելիքի գները ցածր են 1,4 տոկոսով»,– նշեց ՀՀ ա զգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց նաև, որ վիճակագրական ծառայությունը չի ուսումնասիրում ապրանքների և ծառայությունների գների աճի կամ նվազման պատճառները, այլ պարզապես արձանագրում է գների փոփոխությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում