Պուտինը Սիրիային ԱՄՆ-ի հարվածը համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի գրոհը համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

«Նախագահ Պուտինը Սիրիային ամերիկյան հարվածները համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ՝ միջազգային իրավունքի խախտմամբ, ընդ որում մտացածին պատրվակով»,- ասել է Պեսկովը:

Պուտինն այն կարծիքին է, որ Սիրիային ամերիկյան հարվածը էական վնաս է հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաեւ խոչընտոտում է ահաբեկչությանն արդյունավետ հակազդելուն, նշել է մամուլի քարտուղարը:

«Իսկ գլխավորը, ինչպես գտնում է Պուտինը, այդ քայլը մեզ չի մոտեցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, այլ, ընդհակառակը, լուրջ խոչընդոտ է ստեղծում դրա դեմ պայքարելու նպատակով միջազգային կոալիցիա ստեղծելու եւ համաշխահային այդ չարիքին արդյունավետ հակազդելու համար, ինչն, ի դեպ ասած, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հռչակել է որպես իր գլխավոր խնդիրներից մեկը»,- հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Ամերիկյան նավերն այս գիշեր թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում