Թիլերսոնը կարծում է, որ բոլոր կողմերը, բացի ՌԴ-ից եւ Սիրիայից, կողջունեն ավիաբազային հասցված հարվածը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ սիրիական հակամարտության դադարեցմամբ շահագրգռված բոլոր կողմերը, բացի Ռուսաստանից եւ Սիրիայի կառավարությունից, պետք է ողջունեն Սիրիայում ամերիկյան զինված ուժերի կողմից հասցված հարվածն ավիաբազային: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ապրիլի 6-ին լրագրողների առջեւ հանդես է եկել Ֆլորիդայի նահանգի «Մար ա Լագո» կալվածքում: 

«Ես կարծում եմ, որ (Սիրիայի իրադրության կարգավորման գործընթացում ներգրավված) այդ բոլոր կողմերը, բացառությամբ Բաշար Ասադի եւ, հավանաբար, Ռուսաստանի, պետք է ողջունեն այս կոնկրետ գործողությունը (հրթիռային հարվածը): Իսկ ընդհանուր առմամբ Սիրիայի իրադրության նկատմամբ մեր մոտեցումը եւ այսօրվա դրությամբ մեր քաղաքականությունն առաջին հերթին «Իսլամական պետության» ջախջախումն է»,- ասել է Թիլերսոնը՝ պատասխանելով այն հարցին, թե իրականացված հրթիռային հարվածի ինչ դիվանագիտական արձագանք է ինքն սպասում, մասնավորապես, Թուրքիայից, քրդերից եւ Ռուսաստանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում