Թրամփն «առայժմ ոչինչ չի ստացել» Սի Ցզինպինի հետ բանակցություններից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «հիանալի հարաբերություններ» կհաստատի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ երկարաժամկետ հեռանկարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների նախագահն այս մասին հայտարարել է ապրիլի 6-ին Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում տեղի ունեցած ընթրիքին, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՉԺՀ-ի նախագահի ժամանման պատվին:

«Մենք արդեն ունեցել ենք երկարատեւ բանավեճեր, բայց ես առայժմ ոչինչ չեմ ստացել (այդ բանակցություններից),- ասել է Թրամփը:- Բայց մենք խորացնում ենք բարեկամությունը: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում մենք հիանալի հարաբերություններ կհաստատենք»:

Չինաստանի ղեկավարի պաշտոնական այցն ԱՄՆ նախատեսված է երկու օրով՝ ապրիլի 6-7-ը: Թրամփը եւ Սի Ցզինպինը կգտնվեն «Մար ա Լագոյում»: Ինչպես սպասվում է, ղեկավարները կքննարկեն առեւտրային քաղաքականությունը, ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջն ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ մի շարք այլ տարածաշրջանային հարցեր: Սի Ցզինպինը դարձել է 13-րդ արտասահմանյան ղեկավարը, որի հետ հանդիպել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում