Թրամփն ընդունել է Չինաստան այցելելու Սի Ցզինպինի հրավերը. «Սինհուա»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է այցով Չինաստան ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ, Չինաստանի ղեկավարը նաեւ հորդորել է ընդլայնել համագործակցությունը ներդրումների, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային նախագծերի բնագավառում:

«Հազարավոր պատճառներ են նպաստում չին-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, դրանց խզման պատճառներ չկան»,– հայտարարել է Սի Ցզինպինը:

Ապրիլի 6-ին Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում տեղի ունեցած ընթրիքի ընթացքում, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՉԺՀ-ի նախագահի ժամանման պատվին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել , որ «հիանալի հարաբերություններ» կհաստատի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: «Մենք արդեն ունեցել ենք երկարատեւ բանավեճեր, բայց ես առայժմ ոչինչ չեմ ստացել (այդ բանակցություններից),– ասել է Թրամփը:- Բայց մենք խորացնում ենք բարեկամությունը: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում մենք հիանալի հարաբերություններ կհաստատենք»:

Չինաստանի ղեկավարի պաշտոնական այցն ԱՄՆ նախատեսված է երկու օրով՝ ապրիլի 6-7-ը: Թրամփը եւ Սի Ցզինպինը կգտնվեն «Մար ա Լագոյում»: Ինչպես սպասվում է, ղեկավարները կքննարկեն առեւտրային քաղաքականությունը, ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջն ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ մի շարք այլ տարածաշրջանային հարցեր: Սի Ցզինպինը դարձել է 13-րդ արտասահմանյան ղեկավարը, որի հետ հանդիպել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում