Առնվազն 15 սիրիական ինքնաթիռներ են ոչնչացվել ԱՄՆ-ի հրթիռահարվածով

Առնվազն 15 մարտական ինքնաթիռներ են ոչնչացվել կամ վնասվել «Շայրաթ» սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին հայտնել է «Ալ Մասդար» արաբական հրատարակությունը: 

Բացի այդ, օդակայանում բռնկվել են վառելիքի ցիստեռնները, հրդեհը մինչ այժմ չի մարվել:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ հարվածի հետեւանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: «Ալ Մասդարի» տվյալներով՝ զոհվածների թվում է Սիրիայի ռազմաօդային ուժերի մեկ օդաչու, եւս մի քանի օդաչուներ վիրավորվել են:

Լույս ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:

Այդ ավիաբազայից ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված է հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք: Այդ գրոհի զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակներ, այդ թվում՝ երեխաներ: Ինչպես ճշտել է ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, Միջերկրական ծովից նավերի գրոհին են ենթարկվել ավիաբազայի տարածքի մի քանի օբյեկտներ՝ թռիչքավայրԷջքային գոտիները, ինքնաթռներն ու ուղղաթիռները, ինչպես նաեւ լցակայանները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում