Հայաստանը մասնակցել է Բեռլինի Արևելյան 5-րդ ֆորումին

Բեռլինում ապրիլի 6-ին կայացավ «ԵՄ-ԵԱՏՄ գործընկերության ապագան» խորագրով Բեռլինի Արևելյան 5-րդ ֆորումը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Ֆորումին առաջին անգամ մասնակցում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով հանդես եկավ ծավալուն ելույթով:

Հայաստանից ֆորումին մասնակցում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը:

Ֆորումի ընթացքում քննարկվեցին ԵՄ-ԵԱՏՄ հնարավոր համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ թվային տնտեսության բնագավառում: Ներկայացվեց Հայաստանի մոդելը` որպես կամուրջ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում: Բանախոսները առանձնահատուկ շեշտադրեցին ԵՄ-ԵԱՏՄ շուկաների ստանդարտների համապատասխանեցման շուրջ համագործակցության կարևորությունը:

Ֆորումի ընթացքում ներկայացվեցին նաև ԵԱՏՄ առաջնահերթությունները, միջազգային համագործակցության ուղղությունները և Իրանի հետ ներկայումս ծավալվող բանակցությունները` կարևորելով Հայաստանի` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկրի դերակատարությունն այդ գործընթացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում