ԵՄ-ն նախատեսում է այս տարի Հայաստանին 40-45 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն տրամադրել

Եվրոպական Միությունը պլանավորում է այս տարվա ընթացքում Հայաստանին 40-45 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն տրամադրել: Ապրիլի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: «Սա նշանակում է, որ այս տարի մենք Հայաստանին շաբաթական մոտ մեկ միլիոն եվրո կտրամադրենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Նա նշեց, որ բյուջետային աջակցությունը գործիք է, որի շնորհիվ կառավարության հետ աշխատանքի արդյունքում կարողանում են լավ պայմաններ ստեղծել բարեփոխումների համար: «Մենք նախ փոխհամաձայնեցնում ենք նպատակները, որից հետո Եվրոպական Միությունը ֆինանսավորում է այդ նպատակների իրականացումը: Բյուջետային աջակցության նպատակն է օժանդակել բարեփոխումներին, որոնք լավագույն արդյունքը կապահովեն Հայաստանի քաղաքացիների համար»,- ընդգծեց Հոա-Բին Աջեմյանը:

Աջեմյանը նաև նկատեց, որ, ի տարբերություն այլ դոնոր կազմակերպությունների, Եվրոպական Միությունը Հայաստանին բյուջետային օժանդակություն է հատկացնում անհատույց դրամաշնորհների տեսքով: «Օրինակ, Համաշխարհային բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, Ասիական զարգացման բանկը տրամադրում են վարկեր, իսկ մենք` դրամաշնորհ»,– եզրափակեց ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում