ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ մոտ 60 վճիռ է կայացնելու

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է կայացնելու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: ՄԻԵԴ-ը վճիռ է կայացնելու Ադրբեջանից ուղարկված մոտ 60 բողոքի վերաբերյալ:

Մի շարք դիմումների շուրջ էլ ՄԻԵԴ-ը հաղորդակցություն է սկսել Ադրբեջանի կառավարության հետ: Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ասաբալի Մուստաֆաևի փոխանցմամբ` դիմումները բազմազան են և ամեն ամիս Ադրբեջանից ՄԻԵԴ է ուղարկվում նվազագույնը 2-3 նոր դիմում:

Մուստաֆաևի խոսքով` ՄԻԵԴ ներկայացված դիմումների մեծ մասը վերաբերում են խոշտանգումներին և ապօրինի ձերբակալություններին: Դիմումների մեջ տեղ են գտել նաև սեփականության իրավունքի խախտման հետ կապված բողոքներ:

2016-ին Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել 333 հայց, իսկ 2015-ին` 268: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված միանգամից 11 վճիռ է կայացրել:

ՄԻԵԴ-ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում