Նիդերլանդների տասը քաղաքացու Թուրքիան արգելել է երկրից դուրս գալ

Նիդերլանդների քաղաքացի, ծագումով թուրք առնվազն տասն անձի Թուրքիայում թույլ չեն տալիս երկրից դուրս գալ: Այս մասին լրագրողներին հայտնել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության խոսնակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:

Հոլանդական NOS հեռուստաընկերության տվյալներով ընդհանուր առմամբ 100 երկքաղաքացի կա, ովքեր չեն կարողանում դուրս գալ Թուրքիայից:

Նիդերլանդների արտգործնախարար Բերթ Կոենդերսը խնդրի առնչությամբ ասել է, որ այդ անձանց օգնելու նպատակով հնարավոր ամեն բան անում են, նաև կապ են հաստատել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Թուրքիայից դուրս գալ արգելվող քաղաքացիների զգալի մասը մեղադրվում են գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ:

Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, ինչ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ թուրք նախարարների ելույթներն արգելվել էին Նիդերլանդներում: Իսկ Թուրքիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Քայան առհասարակ երկրից արտաքսվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում