Ռեքս Թիլերսոնը ամբողջ G7-ը կներկայացնի Ռուսաստանում. Ջոնսոն

Ռեքս Թիլերսոնը ամբողջ G7-ը կներկայացնի Ռուսաստանում. Ջոնսոն

Միացյալ Նահանգները սիրիական Հոմս նահանգի օդանավակայանի վրա գրոհից հետո կարող է նոր հարված հասցնել Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին: Այդ մասին The Sun թերթին տված հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Կարեւորն այն է, որ նա դա կարող է կրկին անել»,-ասել է նա:

«Ոչ մի կասկած չկա, որ ԱՄՆ-ի գործողություններն արմատապես փոխում են Սիրիայի իրադրությունը , մենք պետք է հասկացնենք (Վլադիմիր) Պուտինին, որ (Բաշար) Ասադի ժամանակն անցել է: Շարունակելով պաշտպանել մի մարդու, որը գազով թունավորում է սեփական ժողովրդին, նա էլ ավելի շատ է Ռուսաստանին վնասում ամբողջ աշխարհի աչքում»,- ասել է բրիտանացի դիվանագետը, որը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, որը դրսեւորեց «վճռականություն եւ պատրաստակամություն, որոնք, ցավոք, պակասում էին վերջին մի քանի տարիներին»:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, մեկնաբանելով Ռուսաստան իր այցի չեղարկումը, նշել է, որ դրա փոխարեն ինքը «կենտրոնացել է ԱՄՆ-ի հետ աշխատանքի եւ պատերազմի դադարեցման ու Սիրիայի վերականգնման նպատակին G7-ի հասնելու վրա: «Ռեքս Թիլերսոնը ամբողջ G7-ը կներկայացնի Ռուսաստանում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում