Անատոլի Բիբիլովը հաղթում է Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում

Անատոլի Բիբիլովը հաղթում է Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում

Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը հաղթում է հանրապետության նախագահի՝ ապրիլի 9-ին կայացած ընտրություններում, նախնական տվյալների համաձայն, ստանալով ընտրողների ձայների 57,98 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բելլա Պլիեւան:

«Դրանք նախնական տվյալներն են: Քվեարկության վերջնական արդյունքները մենք կամփոփենք հինգ օրվա ընթացքում»,- ասել է նա:

Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 81 տոկոս:

Ընտրված նախագահի պաշտոնակալության արարողությունը, Սահմանադրության համաձայն, պետք է անցկացվի ԶԼՄ-ներում ընտրությունների արդյունքների հրապարակումից տասն օր անց:

Պլիեւան նաեւ հայտնել է, որ ընտրողների ավելի քան 78 տոկոսը հանդես է եկել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելու օգտին: «78,2 տոկոսը կողմ Է, 21,8 տոկոսը՝ դեմ»,- նշել է նա:

Ապրիլի 9-ին Հարավային Օսիայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Զուգահեռաբար հանրապետության քաղաքացիները պատասխանել են այն հարցին, թե իրենք համաձայն են արդյոք Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելուն: Հարավային Օսիայում ընտրություններն ու հանրաքվեն կայացած են ճանաչվել, քանի որ դրանց մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում