Երկու միլիոնանոց պատիվ, թե՞ ծուռ հայելիների իրականություն

Երկու միլիոնանոց պատիվ, թե՞ ծուռ հայելիների իրականություն

Հայաստանի դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ, դատի տալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանին, պահանջում են երկուական միլիոն դրամ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Իսկ հարգարժան մարդկանց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարվել էր, քանի որ իրենց մեղադրում էին իշխող կուսակցության օգտին մարդկանց հավաքագրելու համար:

Մենք նույնպես համաձայն չենք Դանիել Իոաննիսյանի հետ, քանի որ Հայաստանում տեղի են ունեցել աննախադեպ արդար, երիցս մաքուր, կատարյալ ջինջ, երկնքի պես զուլալ, երկրագնդում ազատությամբ իր նմանը չունեցող ընտրություններ:

Առավոտ կանուխ ողջ հանրապետությունը մեկ մարդու պես ոտքի կանգնելով շտապեց ընտրատեղամասեր, քանի որ ընտրությունները տոն էին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Նույնիսկ հայտնի են դեպքեր, որ մարդիկ դժգոհում էին, թե ինչու են ընտրատեղամասերը բացվում կիրակի առավոտյան 08.00-ին, այլ ոչ ասենք շաբաթ` գիշերը 24.00-ին, քանի որ անհամբերությունից ու օր առաջ այլ Հայաստան տեսնելու երջանկությունից քունները չի տանում: Ու այո, այս առումով այդ ազնիվ մարդիկ դժգոհելու առիթ ունեին:

Բայց անհասկանալի ու տարօրինակ է սեփական պատիվն ու արժանապատվությունը գնատահետելու այդ միասնական սանդղակը: Փաստորեն Հայաստանում կան 30 տնօրեններ, ովքեր իրենց պատիվն ու արժանապատվությունը գնահատել են ընդամենը երկու միլիոն դրամ: Չէ, մենք հեռու ենք այն մտքից, որ այդ մարդիկ, տվյալ դեպքում իրենց պատիվն ու արժանապատվության ոտնահարումը դիտարկել են որպես գումար վաստակելու հնարավորություն, նման բան չենք ասում: Ուղղակի երբ մարդն իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարվելու համար սահմանում է շատ կոնկրետ գումար, ակամա ստացվում է, որ իր պատվին ու արժանապատվությունն արժե ճիշտ այդքան:

Աստված մի արասցե, եթե վաղը գտնվի մի տարօրինակ մեծահարուստ (ինչպես գիտենք մեծահարուստներից շատերը հաճախ շատ տարօրինակ քմահաճույքներ են ունենում), ապա կարող է հանուն իր քմահաճույքների ոտնահարել այդ 30 խիստ ազնիվ տնօրեններից ցանկացածի պատիվն ու արժանապատվությունը ու սիրահոժար վճարել երկու միլիոն դրամ: Իսկ եթե այդ քմահաճույքները կրեն սիստեմատիկ բնույթ, կարելի է նույնիսկ աշխատանքից դուրս գալ ու ապրուստի գումար վաստակել (Ի դեպ բավականին պատկառելի գումար է) պատվի ու արժանապատվության ոտնահարմամբ:

Իսկ եթե փորձենք մոտենալ ավելի լուրջ, ապա միանշանակ անընդունելի է Դանիել Իոաննիսյանին դատի տալն ու առավել ևս երկու միլիոն պահանջելը:

Նախ այստեղ պատվի ու արժանապատվության վիրավորում չկար ու եթե նույնիսկ Դանիելը ճիշտ չէր, ապա կարելի էր սոսկ անտեսել մեղադրանքն ու անցնել առաջ: Համենայն դեպս սա այն մեղադրանքը չէր, որի համար արժեր վազել դատարան ու մարդուն դատի տալ:

Իսկ եթե մարդը լինելով դպրոցի տնօրեն իր պատիվն ու արժանապատվությունը տեղափոխում է շուկայական հարաբերություններ, ակամա հիմք է տալիս կասկածելու, որ այդ նույն շուկայական հարաբերությունները տիրում են այն հիմնարկում, որը գտնվում է իր ենթակայության ներքո:

Եթե մենք նույնպես տուրք տանք մեզ մոտ հասունացող կասկածներին ու փորձենք հետևողականորեն փորփրել այդ 30 դպրոցներից ու մանկապարտեզներից որևէ մեկում տիրող ֆինանսական դրությունն ու վարք ու բարքը, գուցե շատ դատական գործեր բացվեն, առանց պատվի ու արժանապատվության ոտնահարմամբ:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում