Գեղարքունիքցի երեք զինծառայողի ընտանիքներ բնակարան են ստացել

Գեղարքունիքցի երեք զինծառայողի ընտանիքներ բնակարան են ստացել

Բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական աջակցությամբ ապահովելու կարգի համաձայն՝ Գեղարքունիքի մարզից երեք զինծառայողի ընտանիքներ 2016 թվականի վերջում բնակարան են ստացել:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը, նախորդ տարում ՀՀ ֆինանսների նախարարություն էր ներկայացվել Գեղարքունիքի մարզից զոհված եւ հաշմված զինծառայողների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները, որոնց հերթագրվելուց, անհրաժեշտ ստուգումներն անցնելուց հետո հաստատվել էր երեք ընտանիքի բնակարան ստանալու գործընթացը:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով 2016 թվականի տարեվերջին սպասված բնակարանի երազանքն իրականություն դարձավ երեք ընտանիքի համար: Ճամբարակ քաղաքից զինվորական Մերուժան Գրիգորյանը, ով 2-րդ խմբի հաշմանդամություն ունի, ստացավ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը:

Ճամբարակից զոհված զինծառայող Անդրանիկ Դանիելյանի ընտանիքը եւս ստացավ գումար՝ բնակարան գնելու համար: Նախորդ տարվա ապրիլյան մարտերում զոհված, փոքրմասրիկցի զինծառայող Վրեժ Սարգսյանի ընտանիքը եւս դեկտեմբեր ամսին դարձավ բնակարանատեր»,-հավաստեց Սուրիկ Խաչատրյանը:

Ըստ նույն աղբյուրի՝ ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան պահանջի համաձայն, այս տարի եւս ձեւակերպվել են Գեղարքունիքի մարզից բնակարանի կարիք ունեցող զինծառայողների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները եւ ուղարկվել նախարարության քննարկմանը: «Այսօրվա դրությամբ բնակարան ստանալու համար մեր մարզից հայտագրվել է 20 զինծառայողի ընտանիքի գործ, որոնք դեռ քննարկման փուլում են»,-նշեց սոցիալական ապահովության բաժնի վարիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում