Մահմուդ Ահմադինեժադը կրկին պայքարելու է Իրանի նախագահի պաշտոնի համար

Մահմուդ Ահմադինեժադը կրկին պայքարելու է Իրանի նախագահի պաշտոնի համար

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փաստաթղթեր է հանձնել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը գրանցելու համար: Այդ մասին ապրիլի 12-ին հայտնել է AP գործակալությունը:

Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել էր, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, քանի որ Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին նրան խորհուրդ էր տվել չմասնակցել ընտրություններին: Ապրիլի 11-ին իրանական պաշտոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրում սկսվել Է նախագահի թեկնածուների գրանցումը:

Նախագահական մրցարշավին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: Այնուհետեւ ընտրություններին նրանց մասնակցությանը պետք է հավանություն տրվի Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Պահապանների խորհուրդը պարտավոր է թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակել ապրիլի 27-ին:

Ընտրություններին մասնակցելու իրենց պլանների մասին արդեն հայտարարել են երկրի գործող նախագահ Հասան Ռոուհանին, պահպանողական կրոնական գործիչ Իբրահիմ Ռայիսին, ինչպես նաեւ Ահմադինեժադի մերձավոր դաշնակից Համիդ Բագհաին: Իրանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին:

Մահմուդ Ահմադինեժադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է եղել 2005 թվականի օգոստոսի 3-ից մինչեւ 2013 թվականի օգոստոսի 3-ը: Նախքան նախագահ դառնալը նա զբաղեցրել է Արդեբիլի նահանգի նահանգապետի եւ Թեհրանի քաղաքագլխի պաշտոնները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում