ԱԺ–ում ընդգրկված կուսակցությունների կազմում տեսնում եմ նոր, խոստումնալից դեմքեր. Խոսրով Հարությունյան

ԱԺ–ում ընդգրկված կուսակցությունների կազմում տեսնում եմ նոր, խոստումնալից դեմքեր. Խոսրով Հարությունյան

ԱԺ 5–րդ գումարման խորհրդարանն արդյունավետ աշխատեց։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը կշարունակի աշխատել նաև նոր խորհրդարանում։ Նա խորհրդարանի ձեռքբերումներից համարեց Ընտրական, Հարկային, Մաքսային օրենսգրքերը, որոնք, ըստ նրա, ներքին ու արտաքին զարգացվածության համար դրական միջավայր են ստեղծում:

«Եթե ես անգամ, այս խորհրդարանի կազմում չլինեի, հավանաբար, այս գնահատականը կհնչեցնեի՝ հաշվի առնելով նաև այս հանգամանքները։ Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանին, ապա ժամանակը ցույց կտա։ Սակայն ես այս խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների կազմում տեսնում եմ նոր դեմքեր, որոնք, կարծում եմ՝ խոստումնալից են, թեև չունեն քաղաքական փորձառություն ու հմտություն։ Կան նաև հին, փորձառություն, հմտություն ունեցող անհատների ստվար զանգված, որը վստահություն է ներշնչում, որ ապագա խորհրդարանը կարող է իրեն վերապահված առաքելությունն արդյունավետ իրացնել»,– ասաց Հարությունյանը։

Դիտարկմանը, թե նոր խորհրդարանի հասցեին հնչեցված քննադատությունն այն է, որ խորհրդարանում ընդդիմությունը լավ ներկայացված չէ և ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն է, Հարությունյանը հարցով արձագանքեց.«Նախկին խորհրդարանում ընդդիմադիրների ներկայացվածությունը բավարար էր, դուք պետք է պատասխանեք՝ այո, իսկ ի՞նչ տեղի ունեցավ. հաշված ամիսների ընթացքում ՀԱԿ–ը 6 մասի տրոհվեց, «Ժառանգություն»–ից բան չմնաց։ Ոմանք, երբ ասում են խորհրդարանական ընդդիմություն, հասկանում են առանձին անհատների, որոնք կարող են ամենատարբեր առիթներով ելույթներ ունենալ, իսկ ես, խորհրդարանական ընդդիմություն ասելով, հասկանում եմ ինստիտուտ, որն ունակ է քաղաքական գործընթացների վրա բովանդակային ազդեցություն ունենալ, որն ունակ է հանձնաժողովներում աշխատել, քաղաքական նկատառումներ այդ հանձնաժողովներում ներկայացնել։ Կներեք, բայց նախկին մեր շատ ու շատ ընդդիմադիրներ խուսափում էին այս աշխատանքից»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում