«Ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսելու». Կարեն Կարապետյանը՝ Արման Սահակյանին

«Ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսելու». Կարեն Կարապետյանը՝ Արման Սահակյանին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է առավել հրապարակային դարձնել Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները, գրում է panorama.am-ը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքվեց մնացած ընկերությունների հարցով: ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ ի կատարում վարչապետի հանձնարարականի՝ շրջանառության մեջ է դրվել 2017- 2020 թթ. մասնավորեցման ծրագիրը. «Այն ամբողջությամբ նոր ծրագիր է, որում ընդգրկված է 42 ընկերություն, որոնցից 23-ը հին՝ 2006-2007-թթ. ծրագրերից են, 17-ը՝ նոր ընկերություններ են»:

Վարչապետը ևս մեկ անգամ հանձնարարեց մաքրել դաշտը, գույքագրել այդ ընկերությունները. «Ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք առաջ: Ճկուն մեխանիզմ ենք ներդնում: Այստեղ ակնկալում ենք նաև ԿԲ աջակցությունը՝ շուկան ակտիվացնելու համար»:

Կարեն Կարապետյանը Արման Սահակյանին նաև հարցրեց, թե երբ են իրենց կառույցում իրականացվելիք բարեփոխումները ներկայացնելու: «Ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսելու»,- հարցրեց վարչապետը:

Արման Սահակյանը նշեց, որ ոլորտի վերաբերյալ նախատեսվող բարեփոխումների առաջարկությունները կներկայացվեն մեկ ամսվա ընթացքում:
Պետգույքի վարչության պետը նաև ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է աճուրդային եղանակով մասնավորեցման ներկայացնել «Արաքս» ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասը:

Կարեն Կարապետյանը հարցրեց` ինչո՞վ է զբաղվում այդ ընկերությունը։ Ի պատասխան` Արման Սահակյանն ասաց, որ այս պահին ոչնչով չի զբաղվում։
Նրա խոսքերով՝ այն ներառված է եղել 2015 թ-ի մասնավորեցման ծրագրում, բայց մի շարք խնդիրներ են եղել՝ գրանցման, չափագրումների և այլն, որոնք նոր միայն լուծել են։

Վարչապետը նշեց, որ ըստ տեղեկանքի՝ ձեռնարկությունը գործունեություն չի ծավալում 2000 թ-ից, բայց միայն 2017թ-ին են որոշում այն օտարել:

«2000թ-ից ձեռնարկությունը բան չի անում, ինչի՞ ենք 17 տարի սպասում»,- ասաց Կարեն Կարապետյանը և հանձնարարեց բոլոր հարցերը դասակարգել և նման ընկերությունները գույքագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում