Արմեն Աշոտյանն անդրադարձել է Փաշինյանի քարոզչական երգին

Արմեն Աշոտյանն անդրադարձել է Փաշինյանի քարոզչական երգին

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար ուրախալի է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երիտասարդ թեկնածուներ:

Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ քաղաքապետի երեք թեկնածուների միջին տարիքը 40 է, իսկ դա այն տարիքն է, որտեղ փորձը և էնտուզիազմը կարելի է միահյուսել: «Մի կողմից այդ տարիքի մարդն ունի բավականաչափ փորձ, մյուս կողմից կա երիտասարդական ավյուն, որի դրսևորումներից մեկին մենք երեկ ականատես եղանք»,- նշեց Արմեն Աշոտյանը` ակնարկելով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից «Էրեբունի-Երևան» երգի կատարումը, որի տեսանյութը տարածվել էր սոցիալական ցանցերում:

Լրագրողներից մեկը հետաքրքրում էր` հնարավո՞ր է, որ Արմեն Աշոտյանը մի օր երգ գրի Նիկոլ Փաշինյանի համար: Արմեն Աշոտյանը նախ նկատեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երկու քաղաքական ուժեր արդեն սկսել են քարոզարշավը:

«Ես չեմ ուզում լծվել այն աշխատանքին, որ ենթադրում է քարոզարշավից առաջ քարոզչական կամ հակաքարոզչական բնույթի հայտարարություններ անել անգամ մեր մրցակիցների նկատմամբ, ում մենք հարգում ենք: Հետևաբար, մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը թույլ տվեք չներկայացնել քարոզչությանը վերաբերող գնահատականներ : Եթե ձեր հարցը իր մեջ ստեղծագործական բնույթ ուներ, ապա կարծում եմ, որ մենք Ազգային ժողովում հնարավորություն կունենանք Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ օրինաստեղծ գործունեություն ծավալել: Եթե կարիքը լինի նաև երաժշտական փաթեթավորման, ես կգտնեմ այն մարդկանց, ում կարող եմ փոխանցել իմ էմոցիաները բանաստեղծությունների և երաժշտության ներքո, որպեսզի նրանք լավագույնս ներկայացնեն դրանք»,- պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը:

Նա հավելեց, որ երաժշտական կրթություն չունի, սակայն բոլորի համար է ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է կատարել «Էրեբունի-Երևան» երգը: «Ամեն դեպքում ողջունելի է, որ մարդն անկաշկանդ է ու կրեատիվ: Ես չեմ ցանկանում շատ գովել, քանի որ այդ դեպքում էլ կասեն, որ «Ելք»-ը իշխանության «նախագիծ»-ն է»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում