Հայ գործարարները կարծում են, որ Հայաստանը կարող է նպաստել Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնմանը

Հայ գործարարները կարծում են, որ Հայաստանը կարող է նպաստել Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնմանը

Իրանի եւ Հայաստանի փոխգործակցության տարիների փորձը օգտակար կլինի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության շրջանակում:

Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի շրջանակում, որը նվիրված է Բիշքեկում ապրիլի 14-ին կայանալիք Եվրասիական տնտեսական մ իության Բարձրագույն խորհրդի հերթական նիստին ընդառաջ, նման դիտարկում արեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

«Իրանի հետ մտերիմ հարաբերություններ ունենք: Անկախության 25 տարիների ընթացքում նա եղել է Հայաստանի տնտեսական, քաղաքական դաշնակիցը: Կարելի է նշել, որ Իրանը բավականին փակ տնտեսությամբ երկիր է, որտեղ հեշտ չէ աշխատել: Այժմ քննարկվում է Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը, որը նույնպես կնպաստի Իրանի հետ փոխգործակցության արդյունավետության, առեւտրաշրջանառության բարձրացմանը, եւ ԵԱՏՄ անդամ պետությունները կարող են այդ հնարավորություններից օգտվել: Իհարկե, դժվարություններ կան եւ կլինեն մինչեւ այն ժամանակ, երբ Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները վերացվեն, եւ դատելով վերջին քաղաքական զարգացումներից՝ դա մոտ ապագայում չի լինի»,- ասաց Էդուարդ Կիրակոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ ամեն դեպքում Իրանի հետ պետք աշխատել, քանի որ այն ուժեղ երկիր է, ունի 85 մլն բնակչություն եւ շատ հեռանկարային տնտեսություն:

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ միայն այն, որ Հայաստանն ունի ընդհանուր սահման Իրանի հետ, արդեն իսկ մեծ առավելություն է:

«Բացի դրանից մենք կարող ենք շատ լավ միջնորդ լինել Իրանի եւ երրորդ երկրների միջեւ: Հայաստանում ունենք իրանական բանկ: Կարծում եմ՝ այս ամենը պետք է օգտագործել»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում