Գեղարքունիքում կորիզավոր պտուղների տնկիները չեն դիմացել ձմռան սառնամանիքներին

Գեղարքունիքում կորիզավոր պտուղների տնկիները չեն դիմացել ձմռան սառնամանիքներին

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տնկարանային տնտեսություններում արտադրված ծիրանի, կեռասի եւ դեղձի տնկիները չեն դիմացել անցած ձմռան խստաշունչ ցրտերին եւ ցրտահարվել են ամբողջությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծովինարցի վաստակաշատ այգեգործ Խաչիկ Տեր-Հովսեփյանը, ձմռան փորձությունը հաղթահարել են խնձորի, տանձի, սալորի եւ ընկույզի տնկիները: «Ցուրտ ու երկարատեւ ձմեռ էր, որը վնաս հասցրեց նաեւ մեր գյուղում գործող մի քանի տնկարանային տնտեսություններին: Ո՞վ էր տեսել, որ Սեւանա լիճը մինչեւ ապրիլի 12- ը սառցակալած մնա: Հազարավոր տնկիներ են ցրտահարվել` հիմնականում ծիրանը, կեռասը եւ դեղձը: Այնուամենայնիվ, ցրտին դիմացել են խնձորը, տանձը, սալորը եւ ընկույզը: Հիմա Ծովինարում, բոլոր տնտեսությունները միասին վերցրած, արտադրել են մոտ 35-40 հազարի չափ տարբեր ծառատեսակների տնկիներ, որոնք արդեն հանում ենք վաճառքի»,-իրավիճակը ներկայացրեց Խաչիկ Տեր-Հովսեփյանը:

Գեղարքունիքում այգեգործական նպատակներով համատարած ծառատունկը կմեկնարկի ապրիլի 20-ից հետո, եղանակի տաքանալուն պես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում