Մոլդովայի նախագահը պատմական է համարում ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ ստանալը

Մոլդովայի նախագահը պատմական է համարում ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ ստանալը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պատմական է որակել իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Բիշքեկում ընդունված որոշումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Սկզբունքային որոշումն ընդունված է. Մոլդովայի Հանրապետությունը կստանա Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ երկրի կարգավիճակ: Դրա օգտին միաձայն հանդես եկան բոլոր հինգ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Սա պատմական օր Է Մոլդովայի համար: Դրան սպասում Էր մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունը, երկար տարիներ շարունակ դա խոստանում ու դրան ձգտում էին հասնել բազմաթիվ քաղաքական առաջնորդներ եւ կուսակցութուններ»,– նշել է Դոդոնը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ընդունված որոշումը չի հակասում այն համաձայնագրերին, որոնք երկիրն ստորագրել է ԵՄ-ի հետ:

«Իհարկե, դա չի նշանակում, որ այսօրվանից Մոլդովան դառնում է ԵԱՏՄ-ի անդամ, բայց դա մեզ հնարավորություն է տալիս ավելի շատ բան իմանալ կազմակերպության աշխատանքի սկզբունքների մասին, նոր հնարավորություններ է բացում մեր տնտեսական գործակալների համար»,-գրել է Դոդոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում