Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թեկնածությունն առաջադրում է երկրորդ ժամկետով

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թեկնածությունն առաջադրում է երկրորդ ժամկետով

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թեկնածությունն առաջադրում է երկրորդ ժամկետով: Ինչպես հայտնել է ԻՍՆԱ գործակալությունը, նա ժամանել է հանրապետության ՆԳ նախարարություն՝ որպես թեկնածու գրանցվելու մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Ռոուհանին, որին աջակցում են իրանցի բարեփոխականները, բոլոր հնարավորություններն ունի դառնալու նախագահական մրցարշավի ֆավորիտը: Նրա հետ կարող է մրցակցել պահպանողական կուսակցությունների «Իրանի հեղափոխական ուժերի ժողովրդական ճակատ»-ից թեկնածու Էբրահիմ Ռաիսին:

Ապրիլի 11-ին Իրանի ԱԳ նախարարությունն սկսել է թեկնածուների գրանցումը մայիսի 19-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն, երկրի նախագահ կարող է դառնալ երկրի 40-ից ոչ ցածր տարիքի ցանկացած մշտական բնակիչ, որը իսլամի եւ իսլամական կարգի ակտիվ կողմնակից է:

Դիմումներն ընդունվելու են հինգ օրվա ընթացքում, եւ արդեն առաջին օրը գրանցվել է 100-ից ավելի մարդ: Նման մասսայականություն դիտվում Է յուրաքանչյուր չորս տարին մեկ. ընտրություններից առաջ նախագահ դառնալ ցանկացողների թիվը հասնում է մի քանի հարյուրի, լինում է՝ մոտենում է հազարի:

Թեկնածուների վերջնական ցուցակը, որոնց անունները կներառվեն ընտրական քվեաթերթիկներում, կհաստատի Իսլամական Հանրապետության Դիտորդական խորհուրդը (ԴԽ): Դրա մեջ մտնող շիա հոգեւորականության բարձրաստիճան ներկայացուցիչները եւ իսլամական իրավաբանները խիստ ընտրություն են անցկացնում: Որպես կանոն, նրանք մերժում են թեկնածությունների ճնշող մեծամասնությունը՝ թողնելով միայն առավել արժանիներին: Արդյունքում նրանք 10 հոգուց ավելի չեն լինում:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նույնպես փաստաթղթեր է հանձնել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը գրանցելու համար:

Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել էր, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, քանի որ Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին նրան խորհուրդ էր տվել չմասնակցել ընտրություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում