Պեկինը նախազգուշացրել է, որ Կորեական թերակղզում պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի

Պեկինը նախազգուշացրել է, որ Կորեական թերակղզում պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ հակամարտությունը կարող է սկսվել ցանկացած պահի: Նրա խոսքը փոխանցել է The South China Morning Post-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Վերջին ժամանակներս վեճերը սաստկացել են: Այն տպավորությունն է ստեղծվում, որ հակամարտությունը կարող է ծավալվել ցանկացած պահի: Եթե պատերազմ լինի, տանուլ կտան բոլորը. այդ դեպքում հաղթողներ չեն կարող լինել»,- ասել է ՉԺՀ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ նա, ով կսկսի հակամարտությունը, պետք է պատմական պատասխանատվություն ստանձնի եւ պատրաստ լինի համապատասխան գին վճարել:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Հան Սոն Ռյոլը «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի վրա է բարդել պատասխանատվությունը Կորեական թերակղզում իրադրության սրվելու համար եւ հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է «կանխիչ հարված» հասցնել տարածաշրջանում տեղաբաշխված ամերիկյան ուժերին:

Հան Սոն Ռյոլն ասել է, որ Կորեայում ստեղծված իրադրության համար առաջին հերթին պատասխանատու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Իր «ագրեսիվ թվիթներով» Թրամփը «տհաճություններ է ստեղծում»,- նշել է նա:

«Թրամփը մշտապես սադրանքներ է հրահրում իր ագրեսիվ հայտարարություններով… Ուստի խնդիրներն ստեղծում են հենց Թրամփն ու ԱՄՆ-ը, այլ ոչ թե ԿԺԴՀ-ն»,- հայտարարել է դիվանագետը:

«Եթե ԱՄՆ-ը խելացնոր զորաշարժեր սկսի, ԿԺԴՀ-ն կպատասխանի կանխիչ հարվածով… մեր տրամադրության տակ արդեն կա զսպման հզոր միջուկային գործիք, եւ մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստի ու սպասի ԱՄՆ-ի կանխիչ հարվածին»,- հավելել է դիվանագետը:

Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական միության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների, հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե հասկանալի դառնա, որ Փենյանը պատրաստվում է կատարել միջուկային զենքի հերթական փորձարկումը:

Նրանց տեղեկատվությամբ՝ ԿԺԴՀ-ում կարող են հերթական փորձարկումն իրականացնել արդեն առաջիկա հանգստյան օրերին, ինչը կանխելու համար Հյուսիսային Կորեայի միջուկային զինափորձարանից 500 կիլոմետր հեռավորության վրա ԱՄՆ-ը տեղաբախշխել է երկու էսկադրային ականակիրներ՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով: Բացի դրանից, անհրաժեշության դեպքում հարվածին կմիանան ծանր ռմբակոծիչներ, որոնք տեղաբաշխված են Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում:

Հեռուստաալիքը ճշտում է, որ ԱՄՆ-ի հարվածը կարող է ներառել ոչ միայն կենտրոնացված գնդակոծություն, այլեւ կիբեռգրոհներ եւ հատուկ գործողություններ «ցամաքում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում