Ռուսաստանը եւ Սիրիան համատեղ նկարահանելու են «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմը

Ռուսաստանը եւ Սիրիան համատեղ նկարահանելու են «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմը

«Պրոլայն-մեդիա» ռուսական ընկերությունը եւ սիրիական «Shaghaf»-ը համաձայնագիր կստորագրեն համատեղ «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ-ի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի մշակու յթի նախարարությունում ռուսական «Պրոլայն-մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ սիրիական «Shaghaf»-ի միջեւ համաձայնագիր կստորագրվի «Պալմիրա» ռուս-սիրիական համատեղ գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ: Կինոնկարը կդառնա առաջին ժամանակակից ժապավենը, որի արտադրությունը երկու երկրները կիրականացնեն համատեղ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցելու են ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը, սիրիացի հայտնի դերասանուհի եւ կինոնկարի պրոդյուսեր Սուլաֆ Ֆավաքերջին, ժապավենի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Իվան Բոլոտնիկովը եւ ուրիշներ:

Ապագա ֆիլմը պատմելու է դաղստանցի բժշկի մասին, որի կյանքը խորտակվում է, երբ նրա կինը փոքրահասակ դուստրերի հետ գաղտնի փախչում է Սիրիա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում