«Հայկական ժամանակ». ԿԲ-ն երկրորդ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդն է գրանցել

«Հայկական ժամանակ». ԿԲ-ն երկրորդ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդն է գրանցել

ՀՀ կենտրոնական բանկը իր խորհրդի նիստում գրանցել է «Պրոֆման» ՓԲԸ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները։ Սա նմանատիպ արդեն երկրորդ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդն է, որը գրանցում է ԿԲ-ն։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Այսպիսի կառուցվածքով առաջին ֆոնդը գրանցվեց անցած ամիս և այն կոչվում է «Հայաստանի ներդրումների ակումբ»։ Դրա նախաձեռնողը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է։ Այն գրանցվեց մեծ աղմուկով, իսկ հետո՝ ապրիլի 13-ին նույնքան մեծ շուքով փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ կառավարության հետ։ Ըստ հուշագրի «ակումբը» նախատեսում է 300 մլն դոլարի ներդրումներ ներգրավել մեր տնտեսության մեջ։

Ի տարբերություն «ակումբի», Պրոֆմանի գրանցումը անցավ առանց աղմուկի և այդ մասին մի աննշան հիշատակում կա ԿԲ հաղորդագրություններից մեկում։ Թե ում է պատկանում «պրոֆմանը», դեռ անհայտ է ճիշտ այսպիսի անունով մի ընկերություն գործում է Ռուսաստանում՝ «Օխտա գրուպ ներդրումային ընկերության կազմում։ Այն իր գործունեությունը իրականացնում է հիմնականում Սանկտ Պետերբուրգում և մինչև հիմա որևէ կերպ չի առնչվել Հայաստանի հետ։ Ներդրումային ոչ հրապարակային ֆոնդերի գրանցումը կարծես մոդայիկ է դառնում։ Մնում է ներդրումներն էլ դառնան մոդայիկ»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում