Դավթաշենում ծառ կտրելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել է

Դավթաշենում ծառ կտրելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել է

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել վարույթ իրականացնող մարմնի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Ալեքսան Սամսոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Ամենաուռճացված գներով, երբ ծառերի քանակն էր ավելացվել և օրենքով սահմանված կարգի խախտմամբ պատճառված վնասը բազմապատկվել էր տասը գործակցով և ըստ իրենց կազմում էր 2 մլն 860 հազար դրամ, ես առաջարկել եմ 3 մլն դրամ գրավի գումար, բայց դատարանը նախընտրեց, որ չորս երեխա, այդ թվում երեք անչափահաս երեխա ունեցող անձին, ով իր խնամքին ունի երկրորդ կարգի հաշմանդամ մայր, նախկինում չդատված, 3 բարձրագույն կրթություն ունեցող մարդուն կալանավորի: Ես չգիտեմ դատարանը սրանով ինչ խնդիր լուծեց, բայց իմ կարծիքով արդարադատության հաստ ծառի բույնը դատական նման ակտերը սղոցով կտրում են»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանի խոսքով՝ Սամսոնյանի վերագրել են որոշ արարքներ, որը նա չի իրականացրել՝ ուռճացված են ծառերի թվերը.«Իմ պաշտպանյալը հատած երեք ծառերի հետ բացարձակապես կապ չունի, այնտեղ ուրիշի սեփականությանը պատկանող մի կտրած ծառ էլ են վերագրել նրան»:

Պաշտպանի խոսքով, արարքն ուռճացվել է, որպեսզի մեղադրանք առաջադրվի ոչ թե ՔՕ-ի 296-րդ հոդվածի 1-ին մասով, այլ 3-րդ. «Եթե առաջին մասով մեղադրանք առաջադրվեր, ապա նրան չէին կալանավորի»:

Նշենք, որ Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով: Պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում, ըստ ոստիկանության, պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11։30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման էր ենթարկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում