Իրանի պաշտպանության նախարարը շեշտել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Իրանի պաշտպանության նախարարը շեշտել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Թեհրանում կայացել է Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը նախօրեին Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակին, մասնավորապես ասել է. «Այսօր ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին սպառնում են Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի քայքայիչ քաղաքականությամբ առաջնորդվող, ինչպես նաև վահաբիական ծայրահեղ խմբավորումների ենթակայությամբ գործող ահաբեկչական խմբավորումները»:

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով տարածաշրջանի անկայուն իրավիճակը, տարածաշրջանն ի զորու չէ հաղթահարել նոր ճգնաժամ։ Հուսով ենք Հայաստանն ու Ադրբեջանը, հավատարիմ մնալով ԼՂ հակամարտության իրական խաղաղ կարգավորմանը, թույլ չեն տա, որպեսզի օտարները միջամտեն և ճգնաժամի առաջացման պատճառ հանդիսանան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում