Էրդողանը հայտարարել է մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին

Էրդողանը հայտարարել է մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

«Եթե մահապատժի վերականգնման մասին որոշումը մեջլիսում ընդունվի, ես այն կվավերացնեմ: Եթե չանցնի, մի հանրաքվե էլ մահապատժի վերականգնման համար կանենք»,- հայտարարել է նա:

Էրդողանը շնորհակալություն է հայտնել հանրաքվեի մասնակիցներին` նշելով, որ հանրաքվեով սկիզբ է դրվել Թուրքիայի համար նոր մի ժամանակաշրջանի:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-ի օգտին խախտման արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում