«Էտելը սարքել են ծառերի հատում». Դավթաշենում ծառ կտրելու մեջ մեղադրվողի պաշտպանը կդիմի Վերաքննիչ դատարան

«Էտելը սարքել են ծառերի հատում». Դավթաշենում ծառ կտրելու մեջ մեղադրվողի պաշտպանը կդիմի Վերաքննիչ դատարան

Երևանի «Դավթաշեն» վարչական շրջանում ծառեր հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանի պաշտպանը կդիմի Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ իր պաշտպանյալի կալանավորման մասին որոշումը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսան Սամսոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, բացի այդ՝ առաջին ատյանի դատարանի կայացրած կալանավորման որոշումն անհիմն է: Դրա մեջ հիմնավոր կասկածը բացակայում է»,-ասաց պաշտպանը:

Նրա խոսքով՝ բացակայում են Քրեադատավարական օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված արարքները. «Այսինքն՝ նա կթաքնվի, կխոչընդոտի նախաքննությանը և այլն, այդ ամենն իմաստազուրկ է: Վարույթն իրականացնող մարմինը ձևականորեն է գործել, որևէ հիմք չկա, որ իմ պաշտպանյալը դա կանի»:

Որպես ապացույց այդ ամենի պաշտպանը նշում է այն, որ իր պաշտպանյալը հայտնի է, ունի մշտական բնակության վայր, ունի չորս երեխա, որից երեքն անչափահաս են, մի քանի հազար ծառ է տնկել. «Թյուրիմացություն է տեղի ունեցել, էտելը սարքել են ծառերի հատում»:

Հիշեցնենք, որ Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով: Արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում