Գերմանացի քաղաքական գործիչները բացասական են գնահատել Թուրքիայում հանրաքվեին արդյունքները

Գերմանացի քաղաքական գործիչները բացասական են գնահատել Թուրքիայում հանրաքվեին արդյունքները

Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները մեկնաբանել են ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները` արձանագրելով, որ կատարվածը բացասական հետևանքներ է ունենալու երկրի համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) կուսակցության ղեկավարի տեղակալ Յուլիա Քլոկները Huffington Post-ին տված մեկնաբանության մեջ ասել է, որ. «Էրդողանն արդեն համակարգային փոփոխություններ կիրականացնի, որը երկիրը կտանի դեպի մեկ մարդու ռեժիմի, բռնապետության»:

Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սահրա Վագենկնեհթը նշել է, որ. «Էրդողանը մանիպուլյացիայի շնորհիվ կապահովի բռնապետության հաստատումը»:

Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբդորֆը ասել է. «Թուրքիայի սահմանադրական փոփոխությունը վավերացնում է իշխանության տարանջատման սկզբունքի, օրինական պետության և խորհրդարանական համակարգի ավարտը: Նախագահ Էրդողանը սուլթանի նման բոլոր լիազորություններն իր ձեռքն է առնում»:

Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Էլմար Բրոքը Die Welt պարբերականի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման պարագայում անհրաժեշտ կլինի դադարեցնել Եվրամիության հետ անդամակցության հարցով բանակցային գործընթացը:

Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրն էլ բացառել է Էրդողանի իշխանության ժամանակ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում