«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները քննարկել են Դոնբասի իրադրությունը

«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները քննարկել են Դոնբասի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, ինչի մասին ապրիլի 18-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները վերահաստատեցին Մինսկի համաձայնությունների կատարման իրենց հանձնառությունն անվտանգության ոլորտում եւ կարգավորման քաղաքական ասպեկտների հարցում: Նրանք ողջունեցին Զատկական հրադադարի վերսկսման պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Շփման խմբի մարտի 29-ի նիստի ընթացքում, եւ ընդգծեցին դրա խստիվ կատարման կարեւորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ղեկավարները նաեւ հորդորել են ակտիվացնել «բոլորին բոլորով» սկզբունքով գերիների փոխանակման խնդրի լուծման աշխատանքը եւ ափսոսանք են հայտնել ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության նկատմամբ սպառնալիքների դեպքերի կապակցությամբ:

Բացի այդ կողմերը երախտագիտություն են հայտնել Օլանդին «նորմանդական քառյակի» շրջանակներում նրա գործադրած ջանքերի համար եւ հույս են հայտնել, որ «այդ ձեւաչափով նրա աշխատանքը կշարունակվի Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում